Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ողջ ժողովուրդը գրկաբաց սպասում է Լևոն Զուրաբյանի՞ն, Արամ Մանուկյանի՞ն, իսկ մեզ ո՞չ»

«Ողջ ժողովուրդը գրկաբաց սպասում է Լևոն Զուրաբյանի՞ն, Արամ Մանուկյանի՞ն, իսկ մեզ ո՞չ»
18.09.2015 | 00:31

Հայաստանի մայր օրենքի բարեփոխման հիմնական կռվաններից մեկն էլ այն է, թե կառավարման գործող մոդելն իրեն չի արդարացնում: Ստացվում է, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրների պատճառը կառավարման համակա՞րգն է, մի՞թե սոցիալական, տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծումը հնարավոր չէ գտնել նաև կիսանախագահական համակարգով կառավարվող երկրում: Այս հարցադրումով «Իրատեսը» սկսեց զրույցը ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ԱՆԻՄԱՍՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱՆ
ԱՍՊԱՐԵԶԻՑ»


-Համաձայն չեմ այն տեսակետին, թե գործող սահմանադրությունը թերի է,- ասաց պարոն Հարությունյանը:- Պետականաշինության ընթացքում, երբ նոր սահմանադրություն են ընդունում, կառավարման նոր մեթոդ, չի նշանակում, որ նախորդ սահմանադրությունը բազմաթիվ թերություններ է ունեցել: Յուրաքանչյուր պետության զարգացման ընթացքում փորձարկվում են տարբեր մոդելներ, պարզելու, թե որն է այդ երկրների համար արդյունավետ: Եթե դիտարկում ենք եվրոպական երկրները (Իսպանիա, Իտալիա, Գերմանիա), որոնք ունեցել են նախագահական կառավարման համակարգ, հետագայում հասկացել են, որ առավել ժողովրդավարական կառավարման ձևը խորհրդարանական հանրապետությունն է: Արդյունքում այդ հանրապետություններն ավելի կենսունակ եղան` ունենալով ժողովրդավարական մեծ հաջողություններ և տնտեսական, քաղաքական զարգացումներ: Մոլորություն է որևէ կառավարման մոդել սխալ համարելը, քանի որ կիսանախագահական կառավարման մեր մոդելը քսանչորս տարի կենսունակ է եղել, բայց այսօր խնդիր է առաջացել մեկ քայլ առաջ գնալու:
-Խորհրդարանական կառավարումը երաշխիքներ տալի՞ս է հանգուցալուծելու երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները:
-Երբեք չես կարող իմանալ, թե որևէ մոդելի ընդունումից հետո ինչպիսի զարգացումներ կլինեն: Խորհրդարանական հանրապետության համար առաջին խնդիրը միանձնյա իշխանության վերացումը և իշխանական թևերի տարանջատումն է: Եթե նախագահականի ժամանակ «ասողը» միայն նախագահն է, այս մոդելի պարագայում դա բազմաճյուղ է դառնում` և ԱԺ նախագահը, և վարչապետը, և երկրի նախագահը, և գլխավոր դատախազը: Նախագահական կառավարման համակարգում պետական այրերի «առաջացումը» արգելակվում է, քանի որ ողջ համակարգը ճանաչում է մեկ մարդու, որովհետև սահմանադրությամբ հենց այդպես է ամրագրված: Այս նոր մոդելի պարագայում լայն դաշտ է բացվում քաղաքական, պետական գործիչների կայացման համար: Անկախության քսանչորս տարիների ընթացքում պետական, քաղաքական գործիչներ չեն առաջացել: Լինի նախագահական կամ խորհրդարանական համակարգ, միևնույն է, երկիրը ղեկավարվելու է կուսակցությունների միջոցով: Այդպես է եվրոպական և այլ երկրներում: Նախագահը կամ վարչապետը հենվում են կուսակցությունների վրա: Սահմանադրության բարեփոխմամբ բավականին բարձրանում է կուսակցությունների դերը:
-Հայաստանում վեց տասնյակից ավելի կուսակցություններ կան, որոնք չկայացած, մարդ-կուսակցություններ են: Այսինքն, չունենալով կուսակցական կայացած համակարգ, նրանց «դերը» բարձրացնո՞ւմ ենք:
-Կայացնում ենք: Այս տեսակետից քաղաքական դաշտը և դեմոկրատացվում է, և խստացվում: Մանր-մունր կուսակցությունների ինքնախաբեության շքահանդեսը վերանալու է:
-Խոշոր կուսակցություններին «կուլ» գնալու ճանապարհո՞վ:
-Կարծում եմ, մեր երկրում անիմաստ կուսակցություններն ու քաղաքական գործիչները, իրենցից ոչինչ չներկայացնող «լիդերները» պետք է դուրս գան ասպարեզից: Ենթադրում եմ, որ լինելու են երկու-երեք խորհրդարանական կուսակցություններ և նույնքան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր: Այս պարագայում կուսակցություն բացելը, կուսակցության «ջոջեր» հորջորջվելը դառնում են անիմաստ բան: Նախագահական մոդելի ժամանակ ողջ պատասխանատվությունը մեկ մարդու վրա է լինում, դա հետընթաց է: Նոր մոդելով պատասխանատու է լինելու ողջ կուսակցությունը, ոչ թե անհատը: Էլ պետք չէ պիկետներ անել, արտասահմանյան երկրներում այդպիսի բան տեսե՞լ եք: Այդպես է միայն հետխորհրդային երկրներում, երբ նախագահ են ընտրում, հետո հարյուր հազար մարդ են հավաքում, ասում են` չենք ընտրել:

«ՀՈ ԳՈՐԾԱՐԱՆ ՉԷ` ԱՐՏԱԴՐՎԵՆՔ, ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵՆՔ»


-Սահմանադրության նոր տարբերակում հակասական տեսակետների տեղիք է տվել նաև գլխավոր հրամանատարին առնչվող դրույթը: Ոմանց պնդմամբ՝ պատերազմական պայմաններում գտնվող երկրի համար գլխավոր հրամանատարի, ի դեմս նախագահի, լիազորությունները պետք է մեծ լինեն:
-Դեռ վերջնական տարբերակ չկա այս հարցի առնչությամբ, բայց մի բան հստակ է: Աստված չանի, եթե պատերազմ լինի, հրամանատարական կազմը, գլխավոր հրամանատարն օբյեկտիվորեն են ստեղծվում (արցախյան ազատամարտում դա տեսել եմ): Միայն մեկ հոգի չի որոշումներ կայացնում, սուտ է, որ ասում են` միայն գլխավոր հրամանատարն է որոշում: Անգամ Ստալինը չէր որոշում գլխավոր հարվածները, ուներ գերագույն գլխավոր հրամանատարություն, որտեղ կոլեկտիվ որոշումներ էին ընդունվում: Սկզբունքային սխալ է, որ ասում են` ո՞վ է որոշելու` մենք պատերազմ անենք, թե չանենք: Դա նոր սահմանադրության ընդունումից հետո ինքնըստինքյան երևալու է: Բայց ընդհանրապես պատերազմը կոլեկտիվ ղեկավարման գործընթաց է: Այսօր կիսապատերազմական վիճակում ո՞վ է կրում այդ պատասխանատվությունը: Իհարկե, պաշտպանության նախարարությունը` իր ղեկավարով:
-Ընդդիմադիրների քննադատության թիրախում հայտնված հաջորդ դրույթը «կայուն մեծամասնությանն» է վերաբերում, որի առնչությամբ տեսակետ է հնչում, թե սա իշխող մեծամասնության դիրքերն է ուժեղացնելու և, ինչպես մշտապես նշվում է, վերարտադրվելու հնարավորություն է տալու:
-Նախ մի նկատառում. ոչ ընդդիմությունը, ոչ իշխանության ներկայացուցիչները չեն խոսում պատասխանատվության մասին: Կուսակցությունները կրելու են ահռելի մեծ պատասխանատվություն, դրա համար խոշոր կուսակցությունները պետք է երկիրը ղեկավարեն: Ինչ վերաբերում է «վերարտադրվել» բառին, դա այնքա՜ն վիրավորական է: Հո գործարան չէ՞, որ արտադրվենք, վերարտադրվենք: Էդ ի՞նչ տերմին է, ո՞վ է դա շրջանառության մեջ դրել:
-Ընդդիմադիրները:
-Բայց դա անգրագիտություն է: Քաղաքական գործիչները շարունակում են իրենց գործունեությունը մինչև քաղաքականությունից դուրս գալը: Այն կուսակցությունները, որոնք հզոր են, որոնք ունեն և ֆինանսական, և մարդկային ներուժ, շարունակում են իրենց բնականոն զարգացումը: Բնականոն զարգացման և վերարտադրման միջև կա մեծ տարբերություն: Որևէ սրիկա իրավունք չունի ինձ, որպես ՀՀԿ անդամի և քաղաքական գործչի, ասելու, թե ես վերարտադրվում եմ: Ես շարունակում եմ իմ քաղաքական կյանքի ճանապարհը ի տարբերություն իրենց, որոնք ընդհանրապես կենսագրություն, քաղաքական կյանքի ճանապարհ չունեն: Եթե իրենց տեսանկյունից դիտարկենք, իրենք էլ որպես ընդդիմությո՞ւն են ուզում վերարտադրվել, դե թող այդ դաշտը ազատեն, ուրիշները գան: Մենք ինչքան իշխանության ենք եղել, դրանից ավելի իրենք են ընդդիմության մեջ եղել: Ինչո՞ւ են իրենք վերարտադրվում, թող չվերարտադրվեն: Թող իրենց տեղը զիջեն նոր ուժերի: Նրանք էլ ինձ պես կպատասխանեն, թե ի՞նչ գործ ունեմ իրենց քաղաքական կյանքի տևողության հետ: Փաստորեն իրենք իրավունք ունեն վերարտադրվելու, այն էլ այդպիսի խայտառակ անցյալից հետո, մենք, որ այս տարիներին ունեցել ենք անհաջողություններ, բայց ավելի շատ հաջողություններ, իրավունք չունե՞նք: Իրենք ուզում են ասել, որ ողջ ժողովուրդը գրկաբաց սպասում է Լևոն Զուրաբյանի՞ն, Արամ Մանուկյանի՞ն, իսկ մեզ ո՞չ:

«ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԻՆ ԷԼ ԵՆ ԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ՉՈՐՍ ՄԱՐԴՈՒՑ ԲԱՂԿԱՑԱԾ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ՞Ն ԷԼ»


-Խոսեցիք կուսակցությունների պատասխանատվության մեծ բեռի մասին: Գաղտնիք չէ, որ իշխող մեծամասնությունում շատ մարդիկ կան, որոնք չեն գիտակցում, որ ժողովրդի առջև պատասխանատու են: Բարեփոխումների նոր տեքստը թույլ տալիս է ՀՀԿ-ին գնալ ինքնամաքրման ճանապարհով, որպեսզի խորհրդարանում հայտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն այդ պատասխանատվությունը և երկրի առջև ծառացած խնդիրներին հաղորդ կլինեն:
-Անձամբ իմ սպասելիքներն այս բարեփոխումներից հենց դա է, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս ձևավորել պետական, քաղաքական գործիչներ: Վերևում նշեցի, որ ոչ միայն մեր, այլև բոլոր կուսակցություններում այդ գործիչները շատ քիչ են: Այսինքն, կուսակցություններում կարևորված չեն եղել «քաղաքական գործիչ» կոչումը կրող անձինք: Խորհրդարանական կառավարման ժամանակ կուսակցություններին օբյեկտիվորեն անհրաժեշտ են լինելու այդպիսի մարդիկ: Ձեր ակնարկած մարդիկ շատ հավանական է ինքնաբացարկ էլ հայտնեն, երբ տեսնեն իրենց ավելորդությունը քաղաքական դաշտում: Հիմա քաղաքական գործիչների դար է գալիս: Եթե անգամ խորհրդարանի անդամը պետք է տնտեսագետ լինի, պետք է տնտեսագետ-քաղաքական գործիչ լինի, իրավաբանը` իրավաբան-քաղաքական գործիչ: Մեկն ասում է` ես տնտեսագետ եմ, մյուսը թե՝ պատմաբան, հաջորդն էլ՝ իրավաբան: Դա դեռ քիչ է, պետք է նաև քաղաքական գործիչ լինել: Ով է ասել, որ բոլոր պատմաբանները, տնտեսագետները, իրավաբանները, մաթեմատիկոսները կարող են քաղաքական գործիչ լինել: Քաղաքական գործիչը մասնագիտություն է, այդ շնորհքը ոչ բոլորին է տրված: ՈՒինսթոն Չերչիլին էլ են ասում քաղաքական գործիչ, չորս մարդուց բաղկացած կուսակցության ղեկավարի՞ն էլ: Մեկը համ մինիստր է աշխատում, համ քաղաքական գործիչ, համ կոնսերվատորիայի դասախոս: Քաղաքական գործիչը չպետք է գնա պետական աշխատանքի: Եթե քաղաքական գործիչ չես, ինչո՞ւ ես եկել խորհրդարան: Մենք պետք է գնանք այս ճանապարհով: Հիմա, եթե մեկը շատ փող ունի, պիտի դեպուտա՞տ դառնա: Հարգելի ընդդիմություն, դուք մեղադրում էիք, թե մեծամասնականով գնում փող են բաժանում, ընտրվում, հիմա դա վերացնում ենք, գնացեք այդ շրջանում ձեր վարկանիշով ընտրվեք:
-Ընդդիմությունը չի հավատում փոփոխություններին ու «Ոչ»-ի ճակատներ է ձևավորել: Հնարավոր կլինի՞ մեծ համախումբ ունենալ:
-Սահմանադրական բարեփոխումների գաղափարի հեղինակներն առաջինն իրենք են եղել: Մեր ժողովուրդը շատ առավելություններ ունի, բայց նաև մի թերություն` մոռացկոտություն: Եթե արխիվները քրքրեք, կպարզեք, որ այս մասին առաջինն իրենց ելույթներում ասել են ընդդիմադիրները: Հիմա ինչի՞ն են «ոչ» ասում, անհասկանալի է: ՀՀԿ-ն նույն մոդելով էլ կարող էր գնալ ընտրությունների, իր թեկնածուն ունենալ ու հաղթել: Այս բարեփոխումներն իշխանության հասնելու տեսանկյունից ավելի ձեռնտու են ընդդիմությանը, քան մեզ: Հանրաքվեի հնարավորություն է տրված, էլ ի՞նչ են ուզում: Ընդդիմությունը թույլ է ու ոչ այս մոդելով, ոչ այն չի կարող իշխանության գալ: «Ոչ» ասելով փաստում են, որ իրենք ընդդիմություն են և ուզում են իրենց գոյությունը պահել: Իսկ համախմբվել չեն կարող, քանի որ համախմբում լինում է գաղափարի շուրջ, բայց իրենք դա էլ չունեն: Իշխանափոխությունն էլ է գաղափար, սակայն անգամ դրա մոդելը չունեն: Յոթ հոգի հավաքվում են, խայտառակ բանավեճ ունենում և մի «ախմախ» բան են ստորագրում, որից ոչ իրենք, ոչ էլ հասարակությունը բան չի հասկանում: Կարծում եմ, հասարակությունը իշխանությունից էլ, ընդդիմությունից էլ հիասթափված է, բայց ընդդիմությունից ավելի շատ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ